ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ ժողովրդին «հանգիստ և կանոնավոր» ընտրությունների առթիվ

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ  ժողովրդին «հանգիստ և կանոնավոր» ընտրությունների առթիվ

PanARMENIAN.Net - Քվեարկության օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին «նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար»:

ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:

«Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները:

25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետևողականորեն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման ճանապարհին: Այս ընտրություններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նույնականացման նոր տեխնիկական համակարգը: Այս նոր սարքավորումների միջոցով ապրիլի 2-ին տեղամասերում հնարավոր եղավ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադեպերի և Հայաստանի ընտրական օրենսդրությամբ սահմանված ուղենիշների համաձայն»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել և վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկույցները, ինչպես նաև ընտրությունների հետ կապված բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում:

Դեսպանությունը խրախուսում է բոլոր կողմերին՝ կառավարությանը, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը, շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---