Միջազգային խորհրդատվական միության համաժողովը Երևանում. 50-ից ավելի խորհրդատու է մասնակցում

Միջազգային խորհրդատվական միության համաժողովը  Երևանում. 50-ից ավելի խորհրդատու է մասնակցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Երևանում իր աշխատանքները սկսեց Միջազգային խորհրդատվական միության (International Consulting Alliance-ICA) տարեկան համաժողովը, որի հյուրընկալող կողմը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է:

Միությունը, որը ստեղծվել է 2012-ին աշխարհում առաջատար IBF խորհրդատվական ընկերության նախաձեռնությամբ, միավորում է անկախ համախոհների, որոնք զարգացող երկրներում բարձրորակ խորհրդատվական ծառայություններ ենմատուցում:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը 2013-ից ICA-ի խորհրդի անդամ է:

Համաժողովին մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու աշխարհի մոտ 30 երկրից, մասնավորապես՝ Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Մադագասկարից, Կիպրոսից, Իտալիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, ՌԴ-ից, Ուգանդայից, Զիմբաբվեից, Կիրգիզստանից, Չինաստանից, Մակեդոնիայից և մի շարք այլ երկրներից:

Եռօրյա համաժողովը փորձի փոխանակման, աշխարհի տարբեր երկրներում նոր գործընկերական հարաբերությունների ստեղծման հնարավորություն է: Համաժողովի ժամանակ վերլուծվում են 2016-ի գործակցության արդյունքները, ներկայացվում են հաջողության առանձին պատմություններ, քննարկվում ապագայում գործակցության հնարավորությունները:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալելու Միջազգային խորհրդատվական ընկերակցության համաժողովը: Ընկերակցությունն ընդգրկում է 64 երկրի ներկայացուցիչների, որոնք մասնագիտանում են երկրների զարգացման վրա»,- ասաց նա:

Գաբրիելյանը հավելեց նաև. «Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում խորհրդատվական ընկերություններ լինեն, որոնք կօգնեն ճիշտ ձևավորել կառույցներն ու ինստիտուտները, կապահովեն մեր երկրի զարգացումը»:

Փոխվարչապետը նաև նշեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին ակտիվ մասնակցել այլ երկրներում տեղի ունեցող մրցույթներին:

«Կառույցը թույլ է տալիս տեղական մրցույթներին մասնակցել կոնսորցիումներով, ինչն իր հերթին միջազգային փորձը տեղայնացնելու և երկրում օգտագործելուհնարավորություն է»,- ասաց Գաբրիելյանը:

ICA-ի հիմնադիր, IBF ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Անդրեն նշեց, որ Միջազգային խորհրդատվական միության աշխատանքի գաղափարը եղել է միջազգային և տեղական ընկերությունների միջև ավելի սերտ շփումը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել գործակցությունների արդյունավետությունը, հնարավորություն տալ երկրներին ավելի շատ միջազգային տենդերներ շահել:

«Մեր նպատակը միջազգային մակարդակի վրա գործակցելն է», - ասաց Անդրեն:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլնշեց, որ ICA-ն համաշխարհային աճող կազմակերպություն է, որին արդեն անդամակցում են բազմաթիվ ընկերություններ:

«Սա մի հարթակ է, որը թույլ է տալիս ձևավորել վստահություն և փոխադարձ օժանդակություն ցուցաբերել: Հիմանական գաղափարն է՝ չհորինել հեծանիվ, օգտագործելով տարբեր երկրների համապատասխան կառույցների գիտելիքները, այլ փորձել ավելի մրցունակ լինել ու ավելի լավ լուծումներ տալ տարբեր ոլորտներում երկրների խնդիրներին», - ասաց Ջրբաշյանը:

Տիգրան Ջրբաշյանը նաև նշեց, որ Ամերիան այսօր եզակիներից է Հայաստանում, որը գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կառույցների հավատարմագիր ունի:

«Այս 3 օրը փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսի գործակցություն կարող է լինել հետագայում: Կարծում եմ, որ Հայաստանի լրջագույն խնդիրը պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ է կապված: Մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի աշխատուժ, որը մրցունակ կլինի ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում, իսկ այդպիսի մասնագետները քիչ են»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս կարևոր հանգամանքը տեխնոլոգիաներն են:

Ջրբաշյանի խոսքով՝ միջոցառումը շատ կարևոր է, քանի որ առաջին անգամ դուրս են եկել ԱՊՀ տարածք:

Միության մի շարք ընկերությունների հետ Ամերիան իրականացրել է Հայաստանում էներգետիկայի և անտառտնտեսության ոլորտի կարևորագույն ծրագրեր:

«Էներգետիկայի ոլորտում այսօր երկու մեծ ծրագիր ենք իրականացնում, իտալական և գերմանական ընկերությունների հետ համատեղ: Դրանցից մեկը բարձրավոլտ ցանցերի ոլորտում խորհրդատվության տրամադրման հետ է կապված, մյուսը՝ սարքավորումների ներդրման խորհրդատվություն է», - ներկայացրեց Ջրբաշյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին:

«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, իրավաբանական խորհրդատվության, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---