5 ապրիլի 2017 - 10:40 AMT
Դատախազություն. Լրագրողներին խոչընդոտելու հրապարակումներն ուղղարկվել են ոստիկանություն

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջ ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի մշտադիտարկման առարկա են հանդիսացել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ a1plus.am կայքում հրապարակվել է «Լրագրողներին խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» վերտառությամբ հոդվածը, որում նկարագրվել են նման բնույթի 10 դեպք:

Հրապարակված դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցից 5-ի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի, Araratnews.am կայքի թղթակից Շողիկ Գալստյանի, Newsbook.am լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի, «Հետքի» թղթակից Գրիշա Բալասանյանի և Գյումրու թիվ 32/31 ընտրական տեղամասում Armtimes.com լրատվական կայքի թղթակից Նարեկ Կիրակոսյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում դեևս ապրիլի 2-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Առաջին երկու դեպքով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Մյուսներով՝ ստուգման գործողությունները դեռևս շարունակվում են:

Ինչ վերաբերում է թիվ 9/29 ընտրական տեղամասում Armtimes.com լրատվական կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի, Սարի թաղի թիվ 10/3 ընտրական տեղամասում Newsbook.am լրատվական կայքի թղթակից Քրիստինե Պողոսյանի, Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/35 ընտրական տեղամասում Tert.am լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի, Ճամբարակի թիվ 20/24 ընտրական տեղամասում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի և թիվ 6/01 ընտրական տեղամասում News.am լրատվական կայքի թղթակից Լուսինե Շահբազյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներին, ապա դրանք ևս ապրիլի 4-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և վստահեցնում, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները դեպքի իրական հանգամանքները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու համար:

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: