5 ապրիլի 2017 - 10:48 AMT
ԻՊ գրոհայինները Մոսուլի տասնյակ խաղաղ բնակիչների են սպանել

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները Մոսուլի ավելի քան 30 խաղաղ բնակչի եմ սպանել քաղաքի արևմտյան մասում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է իրաքյան բանակի գնդապետ Ահմեդ ալ Ջաբուրին: Բնակիչները փորձել են հեռանալ քաղաքից:

Ըստ զինվորականների, բոլոր սպանվածները տղամարդիկ են:

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները սպանվածների դիերը թողել են քաղաքի փողոցներում՝ բնակչությանն ահաբեկելու համար»,-ասել է ԻՊ-ից Նինվեի գավառի ազատագրման գործողության միացյալ հրամանատարության շտաբի սպան:

ԻՊ գրոհայինները թույլ չեն տալիս խաղաղ քաղաքացիներին հեռանալ իրենց կողմից վերահսկվող Մոսուլի թաղամասերից: Գրոհայինները հատուկ ֆեթվա՝ կրոնական հրահանգ, են տարածել, որի համաձայն «խալիֆաթի տարածքից, ինչպես ԻՊ-ն կոչում է գրավյալ տարածքները, անհավատների հողեր փախչելու համար» մահապատիժ է սահմանված: «Անհավատների հողեր» ասելով ԻՊ-ն հասկանում է կառավարական զորքերի կողմից ազատագրված Իրաքի շրջանները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 302.000 խաղաղ բնակիչ է հեռացել քաղաքից: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՄԱԿ-ը:

Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: