5 ապրիլի 2017 - 14:20 AMT
Վրաստանում մտադիր են ծխելն արգելել բոլոր հաստատություններում

Ապրիլի 5-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի փոփոխությունների փաթեթը թութունի վերահսկման մասին օրենքում, որով նախատեսվում է արգելել ծխելը բոլոր տիպի շենքերում, բացի բնակելի տներից ու կալանավայրերից:

Ըստ թութունի վերահսկման ալյանսի, կարգելվի նաև ծխախոտային ապրանքների գովազդը, այդ թվում ցուցափեղկերում և առևտրի կետերի ներսում: Բժշկական զգուշացման չափը 30-ից կհասնի 65%-ի, տուգանման կարգը կպարզեցվի, կավելանան տուգանային պատժամիջոցները, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Թութունի վերահսկման ալյանսը հուսով է, որ խորհրդարանը չի ենթարկվի արտադրողների ճնշմանը, օրինագիծն ընդդիմադիրներ չի ունենա և այն կընդունվի առաջին ընթերցմամբ:

Ըստ խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի, թութունի սպառումը շենքում կարգելվի 2018-ի մայիսից, իսկ 2020 թվականից արգելքը կվերաբերի արդեն մարզադաշտերին, նմանատիպ բաց տարածքներին ու գովազդային շուկային:

Ըստ Զոիձեի, եթե նկատվի շենքում օգտագործելու դեպք, իրավաբանական անձի համար տուգանքը կկազմի 500 լարի՝ մոտ 205 դոլար, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ 2000 լարի, իսկ սիստեմատիկ օգտագործման դեպքում՝ 5000 լարի: