5 ապրիլի 2017 - 14:24 AMT
Արամ Առաջինը ՄԻԵԴ-ից պահանջում է արագացնել Սիսի կաթողիկոսարանի հարցով դատաքննությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանձնարարությամբ կաթողիկոսության իրավական հանձնախումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ կոչ անելով արագացնել Սիսի կաթողիկոսարանին պատկանած կալվածքների վերադարձի հարցով դատաքննությունը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ին կոչ է արվում 2016 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված դատական թղթածրարը Թուրքիայի դատարանին չհղել՝ նկատի ունենալով Թուրքիայի ներքաղաքական անորոշ վիճակը, դատական-իրավական օրենքների խախտումը, դատավորների և փաստաբանների նկատմամբ ապօրինի վերաբերմունքը և, ընդհանրապես բռնատիրական վիճակը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձի հարցով 2015-ի դեկտեմբերին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: 2015-ի մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: