5 ապրիլի 2017 - 16:12 AMT
Նախարարը՝ Օպերայում ռեստորան բացելու մասին. «Կառուցողական վերաբերվեք առաջարկին»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան հիմնելու մասին գաղափարին պետք է կառուցողական մոտենալ: Այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ մշակույթի նախարարն օպերայում ռեստորան հիմնելու մասին գաղափարը չեն ընդունել մշակույթի որոշ գործիչներ, իսկ թեման լայնորեն քննարկվել է սոցցանցերում:

«Որևէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով և մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով:

Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետև մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժևորման ճանապարհով, իսկ արժևորումը տեղի է ունենում նաև նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի և մարդկանց հասանելի լինի և մեր պատմամշակութային ժառանգությունը, և ժամանակակից արվեստը: Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»,- ասել է Ամիրյանը, մեջբերում է Aravot.am-ը: