«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի պատկերով նամականիշ կթողարկվի

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի պատկերով նամականիշ կթողարկվի

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը մայիսին կթողարկի նոր միջազգային նամականիշ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ: Նամականիշին պատկերված է լինելու Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը:

Նամականիշի թողարկումը և մարումը տեղի կունենա 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստը» թողարկելու է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

«Մենք հիմնադրել ենք «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն հատկապես նրանց, ովքեր վտանգի էին ենթարկում իրենց՝ փրկելու Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Եվ մենք ուզում ենք երախտագիտություն արտահայտել՝ շարունակելով բարին գործել, աջակցելով մերօրյա հերոսներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ձեռք մեկնել և հուսադրել մարդասիրական օգնության խիստ կարիք ունեցողներին:

Այսպիսով, մենք ասում ենք, որ այդ վերապրողներն այսօրվա փրկողներն են: Սա ոչ միայն կարևորում է հիշողությունը, այլև երախտագիտությունը գործի է վերածում: «Ավրորայի» յուրաքանչյուր նախագիծ՝ ներառյալ Մեգիի նամականիշը և նվիրատվության կտրոնը, հնարավորություն է տալիս ընդլայնել «Ավրորայի» համայնքը՝ երախտագիտություն հայտնելով և շարունակելով նվիրատվության շղթան», ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

««Հայփոստը» կարևորում է իր այն բացառիկ դերը, որն ունի հայկական մշակույթի, պատմության և աշխարհի կարևոր ուղերձների տարածման գործում՝ նամականիշների կիրառմամբ: Պատկերելով «Ավրորայի» Մեգիին հայկական փոստային նամականիշի վրա՝ մենք յուրահատուկ կերպով աշխարհին պատմում ենք, որ հայերը ընդունում են մարդկայնության համընդհանուր արժեքները: Նամականիշն այդ գաղափարը տարածում է աշխարհով մեկ», - նշել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրն է, «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթևան և խնամք:

«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի ճանաչման արժանանալ, բայց նաև ոգևորիչ է գիտակցել, որ սերը միշտ հաղթելու է ատելությանը և չարիքին: Ես հավատում եմ, որ այս նամականիշը կնպաստի «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդասիրական խնդիրների լուծման համար», - ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

Փոստային նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշի ձևավորողն Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա» նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվելու է 40 հազար օրինակով:

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունենալու 2017թ. մայիսին՝ Մարգարիտ Բարանկիցեի ներկայությամբ, որը Երևան կժամանելի՝ մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումներին:

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև մարդասիրական գործունեությունն աշխարհում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---