19 հոկտեմբերի 2007 - 17:51 AMT
Կալիֆորնիայի օրենսդիրները կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ընդունել 106-րդ բանաձեւը
«Մենք հասկանում ենք, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցով, կարող է փոխել վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ: Մենք շատ հուսով ենք, որ Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսականները, ինչպես նաեւ բոլոր մյուս կոնգրեսականները կդիմադրեն արտաքին հզոր ճնշմանը եւ կսատարեն ճշմարտությանը»,- ասվում է Կալիֆորնիայի վեհաժողովի անդամներ Ֆաբիան Նունյեսի եւ Պոլա Գրիգորյանի նամակում` ուղված Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Նրանց խոսքերով, Կալիֆորնիան տուն է հանդիսանում մեծ հայկական համայնքի համար, որի կոչերը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, համոզիչ են: «Այդ կոչերը չեն սահմանափակվում միայն հայ համայնքով: Բոլոր ամերիկացիները, ովքեր մտածում են ճշմարտության, արդարադատության եւ ապագա չարիքների կանխման մասին, պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչումը: Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը որոշում է ընդունել Ցեղասպանության դատապարտման մասին եւ նշում է այդ օրը, ինչպես նաեւ հիշում է այն թուրքերին, ովքեր իրենց կյանքը վտանգել են, փրկելով հայերին: Մենք հասկանում ենք, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Սակայն մեզ համար նաեւ պարզ է, որ մեր ազգային հարաբերությունները չպետք է հիմնվեն ռեւիզիոնիզմի պատմության փտած կառուցվածքի վրա: Կոնգրեսական Շիֆը եւ նրա կողմնակիցները ճիշտ են վարվել, երբ ներկայացրել են 106-րդ բանաձեւը: Դուք ճիշտ եք վարվում, այն դնելով քվեարկության: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այդ ջանքերը կպարգեւատրվեն այդ կարեւոր, չնայած եւ ուշացած որոշման կայացման ժամանակ»,- նշվում է նամակում, հաղորդում է Ֆաբիան Նունյեսի եւ Պոլա Գրիգորյանի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Քվեարկության օրը Պալատում դեռ որոշված չէ: Չնայած, որոշ կոնգրեսականներ` Թուրքիայի ճնշման ներքո, ետ են կանչել բանաձեւի աջակցության իրենց ստորագրությունները: