7 ապրիլի 2017 - 10:08 AMT
Շարմազանով. ՀՀԿ-ում կոալիցիա կազմելու հարցը դեռ չեն քննարկել

ՀՀԿ Գործադիր մարմնի ապրիլի 6-ի նիստում խորհրդարանական կոալիցիաների հետ կապված հարց չի քննարկվել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել ընտրությունների վերջնական արդյունքները, վաղ է խոսել այդ մասին:

Շարմազանովը հայտնել է, որ արդեն մյուս շաբաթ ՀՀԿ-ն կքննարկի քաղաքական զարգացումների թեման։

«Մի բան, որ կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն իրավունք է ձեռք բերել ձևավորել նոր կառավարություն, միայնակ, թե կոալիցիոն գործընկերների հետ, արդեն կքննարկենք»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցության համար դռներն արդյոք բաց են, և որտեղ են տեսնում Գագիկ Ծառուկյանին այդ գործակցության դեպքում, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Նախ քաղաքական ուժերը պետք է իրենց տեղերը տեսնեն այն չափով, որքանով հանրությունն իրենց ձայն տվել է: «Ծառուկյան» դաշինքը տպավորիչ քանակի ձայն է ստացել այս ընտրություններում, գրավել է երկրորդ տեղը, լավ է, վատ է, իմ դուրը գալիս է, չի գալիս, փաստն այն է, որ պառլամենտում երկրորդ ազդեցիկ ուժը «Ծառուկյան» դաշինքն է»:

Գործակցության վերաբերյալ էլ նա նշել է՝ մի բան է կոալիցիան, մեկ այլ բան է՝ գործակցությունը.

«Նոր Սահմանադրությամբ կարգն այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, թե իշխանություն, չեն կարող չգործակցել: Ուստի անխուսափելի է գործակցությունը թե «Ծառուկյան» դաշինքի, թե ԵԼՔ-ի հետ, հարկ եղած դեպքում՝ արտախորհրդարանական ուժերի հետ: Գործակցությունը չի սահմանափակվում միայն կոալիցիայով: Ես հուսով եմ, որ ազատ, գաղափարական դեբատների միջոցով գործակցությունը չի բացառվում»,- ընդգծել Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ բոլորի նպատակն ավելի ուժեղ, անվտանգ Հայաստան ունենալն է՝ անկախ նրանից՝ ընդդիմություն ես, թե՝ իշխանություն:

ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան 4 քաղաքական ուժ է անցել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

ԱԺ չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: