7 ապրիլի 2017 - 11:07 AMT
Ապրիլի 7-ին կբացվի «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» ֆոտոցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին բացվելու է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» լուսանկարչական ժամանակավոր ցուցահանդեսը, որը ներկայացնում է Աստվածամոր պաշտամունքի պատմականորեն ձևավորված արտացոլումները վաղ քրիստոնեական շրջանից մինչև XVIII դար:

Ցուցահանդեսում ներկայացված են՝ «Աստվածամայրը մանկան հետ» պատկերաքանդակների դրվագներ վաղ միջնադարյան քառանիստ կոթողներից, խաչքարերից, եկեղեցիներից, «Օդիգիտրիայի» պատկերագրության դրվագներ (Դվին V- VI դարեր, Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի VI - VII դարեր), «Դեիսուսի» /«Բարեխոսության»/ դասական պատկերաքանդակի դրվագներ (Կեչառիսի վանք 1280-ական թթ., Վայոց ձորի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցու եռաքանդակ XIII դար), Քառանիստ կոթողի սյուն, IV - V դարեր, Կարմրաքար, Շիրակ: Լուսանկարների հեղինակներն են Հրայր Բազե Խաչերյանը, Վռամ Հակոբյանը, գրում է Panorama.am-ը:

Մարիամ Աստվածածինը (Աստվածամայր, Տիրամայր) Հայ առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է՝ որպես Աստվածածին կամ Աստվածամայր: Աստվածամոր պաշտամունքը հատկապես ուժեղացել է Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովից հետո, քանզի նա դիտվում էր որպես միջնորդ Աստծո որդու և մարդկանց միջև, և «Աստվածածին (թեոտոկոս) արտահայտությունը հաստատվել է պաշտոնապես, իբրև մաս Վարդապետության» (Գարեգին արք. Հովսեփյան):