7 ապրիլի 2017 - 11:27 AMT
ԱՄՆ կոնգրեսականները հուսով են՝ Թրամփը ճիշտ քայլ կանի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է: Նման միտք է արտահայտել սենատոր Էդ Մարքին Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում՝ նշելով, որ չնայած հանրապետականների և դեմոկրատների միջև բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են.

«Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր և դաշնակից Հայաստանի կողքին»,- հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծել են՝ «մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»: Նրանցից մեկն էր Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը.

«Ես հասկանում եմ՝ քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռևս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշունն էլ նշել է, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռևս բաց է մնում.

«Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»:

Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս հայտնեց, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլև նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով, Թրամփն ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը.

«Հույս ունեմ՝ նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի և 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:

Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաև ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի են արժանացրել.

«Այս նախագահը որևէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ և զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենքլ, որոնք՝ ոչ»:

Ցեղասպանության փաստի հերքումը բուն ցեղասպանության վերջին քայլն է, քանի որ սկզբից բնաջնջում են մարդկանց, այնուհետև՝ դրա մասին պատմությունը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կօգնի հենց թուրք ժողովրդին ընդունել իր պատմությունը.

«Գերմանիան ընդունեց իր անցյալը և դարձավ հզոր, զարգացած, ժողովրդավար մի երկիր, որտեղ բոլորն են ցանկանում ապրել: Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը, հայտնվել է ծայրահեղական, ավտորիտար երկիր դառնալու ճանապարհին»:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան օրենսդիրներին աջակցության համար՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ճանաչվել է հազարավոր համայնքների, նահանգների և հաստատությունների մակարդակով:

Ավելի վաղԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը նամակ-խնդրագրով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: