7 ապրիլի 2017 - 12:38 AMT
«Չափված, համարժեք ու ուղղորդված պատասխան». Համաշխարհային արձագանքը Սիրիայի դեպքերին

Ապրիլի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմաբազային, որը գտնվում է նախագահ Բաշար Ասադի տիրապետության տակ: Թրամփը որպես հարվածի նպատակ է նշել համաշխարհային հանրության դեմ քիմիական զենքի օգտագործմամբ հարձակումների կանխարգելումը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն 6 տարվա ընթացքում՝ ամբողջ սիրիական հակամարտության ժամանակ, առաջին անգամ է հարձակվել պաշտոնական Դամասկոսի վրա: Թրամփը բոլոր «քաղաքակիրթ երկրներին» կոչ է արել միանալ ԱՄՆ-ին: Համաշխարհային հանրությունն անմիջապես արձագանքել է ԱՄՆ գործողություններին, հաղորդում է Tvrain.ru-ն:

Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային:

«Չափված, համարժեք ու ուղղորդված պատասխան»

Առաջիններից մեկը ի պաշտպանություն հրթիռային հարվածներին հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, որը հայտարարել է, թե Թրամփը «խոսքով ու գործով ուժեղ հաղորդագրություն է տարածել, ըստ որի չի հանդուրժի քիմիական զենքի կիրառումն ու տարածումը»: Իր հայտարարության մեջ Նաթանյահուն հույս է հայտնել, թե հաղորդագրությունը կհասնի ինչպես Դամասկոսին, այնպես էլ՝ Թեհրանին ու Փհենյանին:

Միացյալ Թագավորությունն էլ հայտարարել է, թե լիովին սատարում է սիրիական ռազմաբազային հրթիռային հարվածներ հասցնելու որոշումը. «Սա քիմիական զենքի կիրառմամբ սիրիական ռեժիմի բարբարոսական հարձակմանը տրված համարժեք պատասխան էր»,- հայտարարել է կառավարության մամուլի խոսնակը:

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը՝ հարվածն անվանելով «չափված, համարժեք ու ուղղորդված պատասխան»: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը համաշխարհային առաջնորդներից առաջինն է Թրամփի հետ հանդիպել վերջինիս՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակից հետո, նույնպես պաշտպանել է ԱՄՆ կառավարության որոշումը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ կատարվածի համար մեղադրել են Սիրիայի նախագահին. «Դեպքերի նման զարգացման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ասադը: Քiմիական զենքի անընդմեջ օգտագործումն ու մասսայական սպանությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասված է նրահնց հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ, հաղորդում է Vedomosti.ru-ն:

Տարածաշրջանի արձագանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավիահարվածի նախօրեին հայտարարել է, թե իր երկիրը կսատարի ԱՄՆ հնարավոր ռազմական միջամտությունը Սիրիայում: Թուրքիայի վարչապետն էլ հրթիռային հարվածներից հետո հայտարարել է, թե Բաշար Ասադի կառավարությունը պետք է պատժվի: Թուրքիան վաղուց է պնդում, թե Սիրիայում չի կարող խաղաղություն հաստատվել, քանի դեռ Ասադն է այդ երկրի նախագահը:

Սաուդիան Արաբիան էլ հարվածներն անվանել է «Թրամփի խիզախ որոշումը»:

Ասադի հիմնական դաշնակիցներից մոկը՝ Իրանը, դատապարտել է հրթիռային հարվածները. «Նման քայլերը ուժեղացնում են Սիրիայի ահաբեկիչներին: Սա կբարդացնի իրադրությունը Սիրիայում ու տարածաշրջանում»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով:

2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:

2016-ի հունվարին հայտարարվեց, որ քիմզենքի բոլոր պաշարները դուրս են բերվել Սիրիայից: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարեց երկրի քիմիական արսենալի ամբողջական վերացման մասին: Սիրիայում քիմզենքի վերացման համար կազմակերպությունը Նոբելյան մրցանակ է ստացել: