7 ապրիլի 2017 - 13:37 AMT
Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։ Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցել է և ելույթ ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։

ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Արտաքին գործերի նախարարները հայտարարություն են ընդունել քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Նիստի մասնակիցները քննարկել են և հավանության արժանացրել 16 փաստաթղթի նախագծեր: Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։