7 ապրիլի 2017 - 13:52 AMT
Փոստանջյանը հնարավոր է ընդգրկվի ԵԼՔ-ի ցուցակում Երևանի ավագանու ընտրություններում

ԵԼՔ դաշինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այժմ քննարկվում է որոշակի ձևաչափով Զարուհի Փոստանջյանի՝ ԵԼՔ-ի ցուցակով մասնակցության հարցը:

«Այսօր այդ հարցը կքննարկենք դաշինքի նիստին: Այս պահին բանակցությունների փուլ է՝ ինչպես Փոստանջյանի՝ առանձին, այնպես էլ նրա ղեկավարած ուժի մասնակցության հնարավորության շուրջ»,- ասել է բանախոսը, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ԱԺ ընտրություններին, Ավինյանն ասել է, որ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվեն, սակայն ակնհայտ է, որ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների:

«Արդյոք այս ընտրությունները եղել են ազատ և արդար. միանշանակ՝ ոչ, քանի որ գործարկվել են ֆինասական ռեսուրսներ: Բայց եթե ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է ընտրակաշառքի գործընթացին, մենք դեռևս չունենք դրա դեմն առնող մեխնիզմներ: Ընտրակաշառքի մշակույթը ՀՀ քաղաքական կյանքում ներդրված է երկար տարիներ և տարեցտարի նոր մակարդակի է հասնում: Սակայն չենք կարող չասել, որ ընտրատեղամասերում մարդիկ գաղտնի քվարկության հնարավորություն են ունեցել»,- փաստել է բանախոսը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը: