Վարչապետ. «Որտեղ միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում՝ չկա»

Վարչապետ. «Որտեղ միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում՝ չկա»

PanARMENIAN.Net - Որտեղ կառավարությունը միջամտում է, այնտեղ շահույթ կա, որտեղ չի միջամտում՝ շահույթ չկա: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն:

Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014 և 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված կազմակերպությունների դասակարգում, ինչի համար որպես հայտանիշներ ընդունվել են կազմակերպությունների շահութաբերության մակարդակը և միտումները:

Նշվել է, որ 2015-ին ֆինանսատնտեսագիտական վերլուծության ենթարկված 194 կազմակերպություն ըստ ակտիվների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունը՝ 752 միլիարդ 225 միլիոն 558.000 դրամ, շահույթի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ 947 մլն 800.000 դրամ: Եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ:

Լսելով վերլուծությունը՝ վարչապետ Կարապետյանը նկատել է, որ շահութաբերության բարձր ցուցանիշներ արձանագրած ձեռնարկությունները հիմնականում պետպատվեր ստացողներն են և ընդգծել. «Այս վիճակագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա: Անհրաժեշտ է շահութաբերության ցուցանիշը բարձրացնել: Այն, որ ներկայիս միջին շահութաբերությունը շատ ցածր է, չի նշանակում, որ պետք է առաջ գնանք 6 տոկոս շահութաբերությամբ:

Յուրաքանչյուր նախարար պետք է ուսումնասիրի իր ենթակայությամբ գործող հիմնարկների վերջին երեք տարիների գործունեությունը: Այն ղեկավարը, ով անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից նշանակել: Նախարարները պետք է հստակ յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ներկայացնեն առաջարկություն: Վերլուծությամբ պետք է հասկանանք, թե 194 ձեռնարկությունից որն ենք սեփականաշնորհում, քանի տնօրենի ենք ժամանակ տալիս: Յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ինձ պետք է ներկայացնեք կանխատեսում, թե ինչ ենք անելու դրա հետ, նաև հանդես գաք վարչական, իրավական, բիզնես առաջարկներով»,- ընդգծել է Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է սահմանել հստակ ժամանակացույց, ըստ որի նախարարներն անհատական կարգով պետք է ներկայացնեն իրենց համակարգման ոլորտում գտնվող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեության վերլուծություն և առաջարկություններ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրին, որով նախատեսվում է մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող 41 առևտրային կազմակերպություն: Վարչապետը հանձնարարել է ծրագիրը դնել շրջանառության մեջ, իսկ շահագրգիռ գերտեսչություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---