Ընտրախախտումների դեպքերով 11 քրգործ է հարուցվել

Ընտրախախտումների դեպքերով 11 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում ստուգելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու խնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 495 հաղորդում և դրանք ուղարկվել ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 11 դեպքով արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 9-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:

Նշված գործերով 6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործ ապրիլի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 804 հաղորդումներից ապրիլի 7-ի դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 484-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---