8 ապրիլի 2017 - 14:02 AMT
Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման վրա

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդըրըմը ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ հեռախոսազրույցում հորդորել է ԱՄՆ-ին կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման վրա:

«Մենք ակնկալում ենք, որ Սիրիայի հարցում աշխատանքը կուժեղացվի: Հարկավոր է կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման վրա: Մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել Սիրիայի հարցում»,-ասել է Յըլդըրըմը, հայտնում է ՏԱՍՍ-ը թուրքական Miliyet-ի վրա հղումով:

Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով:ՌԴ ՊՆ-ն ապրիլի 8-ից դադարեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ կապի թեժ գծի աշխատանքը:

2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական էր գնահատել ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային Հոմսում՝ նշելով, որ հարկավոր են լրացուցիչ քայլեր հակազդելու համար Սիրիայի ռեժիմին: