Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քրգործ է հարուցվել

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։

«Ազատություն» ռադիոկայանի՝ ապրիլի 2-ի եթերում լուսաբանելով ԱԺ ընտրությունների ընթացքը, ահազանգվել էր՝ Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների մասին։

Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Ճամբարակի քննչական բաժանում նախապատրաստվել են նյութեր։ Ըստ տեսաձայնագրության՝ մի անձ, գտնվելով քվեախցիկի դիմաց, հետևել է ընտրողի քվեարկությանը։

Նկատի ունենալով, որ ռադիոկայանի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատանիշներ՝ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքների հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Ապրիլի 7-ի դրությամբ, ընտրախախտումների դեպքերովձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 11 դեպքով արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 9-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:

6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործ ապրիլի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---