2017-ի առաջին եռամսյակում 1800 աշխատատեղ է ստեղծվել, ներդրվել՝ $65 մլն

2017-ի առաջին եռամսյակում 1800 աշխատատեղ է ստեղծվել, ներդրվել՝ $65 մլն

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ:

Վարչապետ Կարապետյանը Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, և որքան ներդրում է դա պահանջում: Ի պատասխան նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ: «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի և 460 մլն ԱՄՆ դոլարի», - շեշտել է վարչապետը:

Կարայանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել նաև Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ստորագրել պայմանագիրը, և արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի և 6 միջոցառման կատարման ընթացքը: Անդրադառնալով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ սահմանված գործողությունների իրականացմամբ այս տարի նախատեսվում է 1.6 մլրդ խմ օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը նվազեցնել 570 մլն խմ չափով, հասցնել մինչև 1.1 մլրդ խմ վերականգնվող պաշարին, որն այսօր փաստացի ամրագրված է օրենքով: Բայց թիրախն այդ ծավալը մինչև 800 մլն խմ իջեցնելն է՝ վերականգնումն ավելի առանցիկ տեմպերով իրականացնելու համար: Դա, նախարարի խոսքով, բերելու է նաև ձկնաբուծական տնտեսություններում և մյուս ոլորտներում ջրառաջարկի հայտերի վերանայմանն ու ջրօգտագործման թույլտվությունների փոփոխմանը:

2017-ի ապրիլին վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---