10 ապրիլի 2017 - 13:01 AMT
Էրդողանը սպառնացել է՝ Եվրոպան պատասխան կտա Թուրքիայի հանդեպ «անարդար վերաբերմունքի» համար

Եվրոպայի երկրները պատասխան կտան Թուրքիայի հանդեպ «անարդար վերաբերմունքի» համար ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները վատթարացան, երբ Գերմանիայի և Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարներին ելույթ ունենալ այդ երկրներում բնակվող թուրք ընտրողների առջև:

«Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից ակնկալում եմ ակտիվ մասնակցություն հանրաքվեին: Թուրքական համայնքների ներկայացուցիչները բազմիցս են անարդարության և ճնշման ենթարկվել Եվրոպայում: Սակայն թուրք ժողովուրդը շուտով պատասխան է պահանջելու դրա համար: Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Թուրքիան պատասխան կպահանջի Եվրոպայից»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Իզմիրի հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Պետության ղեկավարը խոստացել է, որ սահմանադրական հանրաքվեից հետո կրկին կբարձրացվի ԵՄ-ին անդամակցելու հարցը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կարող է ևս մեկ հանրաքվե ացնկացվել, որտեղ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները շարունակելու նպատակահարմարության մասին հարցը կդրվի քվեարկության: