10 ապրիլի 2017 - 14:21 AMT
Բելառուսը ՌԴ-ից $1 մլրդ վարկ կստանա

Ռուսաստանը մինչև 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի Բելառուսին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հեռուստաեթերում:

Նա, մասնավորապես, պատմել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպման մասին: «Հանձնարարվել է լրացուցիչ ևս 1 մլրդ դոլար վարկի տրամադրում՝ նույնպես լավ պայմաններով»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

Ըստ նրա, Ռուսաստանը նաև կնպաստի, որ 2017-ին Բելառուսին հատկացվեն Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի 3-րդ և 4-րդ չափաբաժինները՝ յուրաքանչյուրը 300 մլն դոլար:

2016-ին Բելառուսը ստացել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի առաջին 2 չափաբաժինները՝ 500 մլն դոլար և 300 մլն դոլար համապատասխանաբար:

Այն մասին, որ Մոսկվան ու Մինսկը որոշել են վերաֆինանսավորել Բելառուսի պարտքերը, ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին: «Խոսքը պարտքի վերաֆինանսավորման մասին է, որը մարման է ենթակա ընթացիկ տարում: Դա մոտ 750-800 մլն դոլար է՝ հիմնական պարտքն ու տոկոսները»,-ասել է նա:

ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում: Հայտնի է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև գազի գնի և Բելառուսին նավիթի մատակարարման հարցերում: