10 ապրիլի 2017 - 15:40 AMT
Հայ ծանրորդներ. Եվրոպայի առաջնության էինք մեկնել մեդալների հետևից

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր հաղթանակը նվիրել է համայն հայությանը: Այդ մասին նա ասել է «Զվարթնոց» օդանավակայանում: Նա հավելել է, որ խորվաթական Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար։

«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն», -նշել է Մարտիրոսյանը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, մրցակցության բացակայությունն իրեն չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել գործը: «Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը»,-ասել է Մարտիրոսյանն ու ավելացրել, որ երիտասարդ տարիքը պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ:

«Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- հավելել է Սիմոն Մարտիրոսյանը:

Photo: Armnoc