23 հոկտեմբերի 2007 - 14:27 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան այսօր արդեն եղբայրական երկրներ չեն
Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության զարգացման համար հնարավորությունները շատ մեծ են, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Խիկմետ Հաջի-զադեն: «Այստեղ ես նույնիսկ չէի էլ խոսի ինչ-որ նոր բնագավառների մասին, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետությունների հարաբերությունները վերջին 10 տարիներին երբեմն չէր կարելի բնութագրել որպես եղբայրական: Թուրք գործարարները լքում են Ադրբեջանը: Թուրքիայում, ինչպես ինձ ասել են ականատեսները, Ադրբեջանի քաղաքացիների համար գրեթե անհնարին է դարձել անշարժ գույքի ձեռքբերման գործընթացը: Թուրք ռազմական մասնագետները, ովքեր պատրաստում են մեր զինվորներին եւ սպաներին, եւս ստիպված են լքել Ադրբեջանը: Ամփոփելով այդ ամենը, կարելի է եզրակացնել. Ադրբեջանն ու Թուրքիան այսօր արդեն եղբայրական պետություններ չեն, այլ միայն գործընկերներ, ում շահերը երբեմն համընկնում են»,- հայտարարել է Խիկմետ Հաջի-զադեն:

Խոսելով թուրքական զորքերի կողմից Իրաքում քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին` ադրբեջանցի քաղաքագետը նշել է. «Նման գործողությունը հնարավոր է, ավելին, պետք է հասկանալ, որ նման գործողություններ արդեն անցկացվել են Թուրքիայի կողմից: Եթե ամերիկացիներն ու Իրաքի կառավարությունը չկարողանան սանձել PPK-ին, ապա Թոււրքիան իրավունք ունի եւ նույնիսկ պարտավոր է ներխուժել ահաբեկիչների բնակության երկիր, որը ոչ ոք չի ցանկանում կամ չի կարող վերահսկել», հաղորդում է Day.az-ը: