«Անկասելի ուժը». Մխիթարյանը՝ Inside United-ի ապրիլյան համարի շապիկի աստղ

«Անկասելի ուժը». Մխիթարյանը՝ Inside United-ի ապրիլյան համարի շապիկի աստղ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի Inside United-ի ապրիլյան համարի շապիկի աստղը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ Մխիթարյանին «ուղղակի անհնար է կանգնեցնել», երբ նա գնդակով առաջ է սլանում, ինչպես անկասելի է նաև ֆուտբոլում մեծ նվաճումների հասնելու նրա ձգտումը»: Պարբերականը Մխիթարյանին բնութագրել է, որպես «անկասելի ուժ»:

Inside United-ին տված հարցազրույցում Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է 13 տարեկանում եղել Բրազիլիայում, որտեղ ջանում էր հղկել իր հմտություններն ու ևս մեկ քայլ անել դեպի ֆուտբոլային փառքը: Ըստ ֆուտբոլիստի, կային մարդիկ, որոնք կասկածում էին, որ նա կարող է բարձունքների հասնել, սակայն դա միայն դրդում էր նրան ապացուցել այդ մարդկանց, որ իրենք իրավացի չեն:

«Կարող եմ ասել, որ մեծամասամբ մարդիկ իմ ուժերին չէին հավատում: Մարդիկ ուղղակի ծիծաղում էին և կարծում էին, որ ես չեմ կարող այդ մակարդակի հասնել»,-ասել է ֆուտբոլիստը:

Անդրադառնալով 2016-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» ՄՅՈւ տեղափոխվելուն՝ Մխիթարյանն ասել է, որ երազանք ուներ՝ «խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկում, ինչն էլ անում եմ հիմա»:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Մինչև 2016-ի դեկտեմբեր Մխիթարյանը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել պրեմիեր լիգայում ՄՅՈւ մեկնարկային կազմում: Նա 7 գոլի հեղինակ է դարձել և 5 գոլային փախանցում է կատարել ՄՅՈւ առաջին խաղաշրջանում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---