Վարչապետը` գյուղոլորտի մասին. Պետք է հասկանալ` ինչի համար ենք ծախսում և ինչ է լինելու արդյունքում

Վարչապետը` գյուղոլորտի մասին. Պետք է հասկանալ` ինչի համար ենք ծախսում և ինչ է լինելու արդյունքում

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր գումարի ծախսին և որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարությունում:

Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը:

Կառավարության ղեկավարը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը և հանձնարարել կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր:

Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Դրանց մի մասը ձեռք է բերվել նաև Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը շատ ավելի ցածր է:

«Ինչո՞ւ առ այսօր հսշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դիզվառելիքի տրամադրման հասցեականությունը բարձրացնելու ու նպատակային իրականացնելու արդյունքում կտնտեսվի 1,5 մլրդ դրամ: Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելուց, որոշում կայացնելուց պետք է ունենալ կոշտ վերաբերմունք: «Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյուր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում:»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրության ուղղությամբ. փորձարկումները ցույց են տվել, որ այն ավելի արդյունավետ է, գինը շահավետ: Ներդրումային ծրագրի փաթեթը կներկայացվի կառավարություն:

Կարեն Կարապետյանին են ներկայացվել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների զարգացման, կարկտապաշտպան ցանցերի մատչելի պայմաններով ներկրման, լիզինգային պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրերի իրականացման, գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ՝ կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Նախատեսվում է նաև գյուղատնտեսական հումքի մթերման համար մատչելի վարկերի տրամադրման պիլոտային ծրագիր, ինչի արդյունքում մթերող կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների միջև կկազմվի երաշխավորված պայմանագիր, իսկ գյուղացին մթերման գումարը կստանա մթերման պահին:

Անդրադառնալով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությանը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել վերջինիս կողմից իրականացվող բարձր շահութաբերություն և կարճ ժամանակահատվածում ծախսափակություն ապահովող ծրագրերում ներգրավել մասնավորին, իսկ էժան վարկային միջոցներն ուղղել ռազմավարական ծրագրերին: «Հիմնադրամը պետք է դարձնենք այն գործիքը, որով ֆերմերային տնտեսություններ ենք զարգացնելու, կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի ենք ներդնելու, լիզինգային ծրագիր ենք իրականացնելու, խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու, որպեսզի իրավիճակ փոխենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նշված բոլոր քայլերի ուղղությամբ հետևողական աշխատանքը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---