Ռուստամյան. ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բանակցում են գործակցելու շուրջ

Ռուստամյան. ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բանակցում են գործակցելու շուրջ

PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բանակցությունների մեջ է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, բանակցություններն ընթանում են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:

«Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև այն անժամկետ էր, պայմանավորված չէր ինչ-որ ձևաչափով, իսկ այն հարցերը, որոնք արձանագրված են համագործակցության հարթակում, զգալի մասով լուծված չեն»,- ասել է Ռուստամյանը, գրում է Aravot.am-ը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է, որ գոհ են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. աճ են արձանագրել: ՀՅԴ-ն գոհ է նաև ՀՀԿ-ի հետ գործակցությունից:

Ռուստամյանը Փարպիում ընտրությունների անվավեր ճանաչվելը հենց համագործակցության արդյունք է համարում: Նրա խոսքով, եկել են այն եզրակացության, որ «չէին կարող այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ, ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվել նորմալ»:

Ռուստամյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանվել է, սակայն ասել, որ պահանջարկն առաջացնում է առաջարկ.

«Դա նորություն չի: Դրանից պետք է ազատվենք` գիտակցության բերելով մեր ընտրողին: Եթե դա տեղի չունենա, այս մասին անընդհատ խոսելու ենք: Այս հարցերի լուծումը հնարավոր է միայն համագործակցության միջոցով»:

2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոններ։

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---