Թիլերսոնը բանակցել է Լավրովի և Պուտինի հետ. Սիրիայի հարցում համաձայնության գալ չի հաջողվել

Թիլերսոնը բանակցել է Լավրովի և Պուտինի հետ. Սիրիայի հարցում համաձայնության գալ չի հաջողվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր պաշտոնակից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հակամարտությունները Սիրիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Կորեայում: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները:

Լավրով-Թիլերսոն բանակցությունները տևել են 5 ժամ, ևս 2 ժամ նրանք զրուցել են Պուտինի հետ:

«Բանակցությունները հանգամանալից էին, անկեղծ, ներառում էին բոլոր առանցքային հարցերը»,-ասել է Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում:

Թիլերսոնն իր հերթին արդյունավետ է համարել բանակցությունները և բողոքել է երկրների միջև վստահության ցածր մակարդակից: «Պետք է այնպես անենք, որ կասեցվի հարաբերությունների վատթարացումը, պետք է վերականգնենք վստահությունը երկրների միջև»,-ասել է նա՝ հավելելով, որ երկու միջուկային տերությունները չեն կարող միայն երկկողմ հարաբերություններ ունենալ:

Սիրիայում քիմզենքի կիրառման հարցում կողմերի կարծիքները տարբեր են եղել: ԱՄՆ-ն վստահ է, որ քիմզենքով ռումբերը կառավարական ավիացիան է գցել, և դա իր ապացույցներն ունի: Նա հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա, իսկ նրա մերձավոր դաշնակից Ռուսաստանը կարող է օգնել նրան հասկանալ, որ դա անխուսափելի է:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է որոշի, թե ում դաշնակիցը կցանկանար լինել՝ ԱՄՆ-իթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իրանի և «Հեզբոլլահի»:

Լավրովն իր հերթին ասել է, որ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է. ՌԴ-ն չի առաջնորդվում մեկ անձի լինել-չլինելով, սիրիացիներն իրենք պետք է իրենց ճակատագիրը որոշեն:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, կառավարական զորքերն իրոք ռմբակոծել են Հան Շեյխունը, սակայն սովորական զինամթերքով, իսկ տեղի բնակիչները թունավորվել են, քանի որ այդտեղ են պահվել քիմզենքի գրոհայինների պաշարները: Արդյունքում կողմերը հաստատել են, որ միտված են ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարի և պատրաստակամություն են հայտնել վերսկսելու Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագիրը, որի գործողությունը կասեցվել է սիրիական ավիաբազայի հրթիռակոծությունից հետո:

Ավելի վաղ Պուտինն ակնհայտ խախտում էր անվանել ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային և հանդիմանել էր ՆԱՏՕ-ի անդամներին Վաշինգտոնին սատարելու համար: Ըստ նրա, ԱՄՆ դաշնակիցները միայն համաձայնություն են տալիս՝ ոչ մի բան չվերլուծելով:

Լավրովն ու Թիլերսոնն անդրադարձել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, ՀԿԺՀ միջուկային խնդրին, կիբերանվտանգության հարցերին:

Թիլերսոնը մեղադրել է ՌԴ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու մեջ, ինչն, ըստ նրա, անհերքելի փաստ է: Լավրովն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ինքն է միջամտում այլ երկրների կառավարմանը՝ փորձելով իշխանափոխություն կատարել Սերբիայում, Իրաքում և Լիբիայում:

Որպես բանակցությունների կոնկրետ արդյունք կարելի է նշել անհապաղ լուծում պահանջող հարցերի կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու մասին պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---