«Հայաստանի ներդրողների ակումբը» 2017-ին $300 մլն ներդրումային ծրագրեր կիրագործի ՀՀ-ում

«Հայաստանի ներդրողների ակումբը» 2017-ին $300 մլն ներդրումային ծրագրեր կիրագործի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում իրականացնել 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Այս մասին կառավարության ապրիլի 13-ի նիստում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:

«Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

Աշոտ Մանուկյանը նշել է, որ կառավարության և Ֆոնդի միջև ստորագրվող փոխըմբռնման հուշագրի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ կառավարության և հիմնադրամի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների, Մշակող արդյունաբերության զարգացումը:

«Այս տարվա համար նախատեսված ծրագրերի ծավալը հասնում է 300 մլն դոլարի»,- ասել է Մանուկյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հիմնադրամի գործունեությունը չափազանց կարևոր է ոչ միայն ներդրումների ներգրավման, այլ նաև բիզնեսի նոր մշակույթ ներդնելու առումով:

«Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն կապեր բազմաթիվ երկրներում, ունեն բազմաթիվ գործընկերներ, հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների, ֆինանսական աղբյուրների միջև: Բացի դրանից, իրենց մուտքը Հայաստան հանդիսանալու է որոշակի ազդակ գնահատող կառույցների համար: Այդ առումով, մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերելու ֆոնդի կայացմանը ու մաքսիմալ սերտ աշխատելու ենք»,- ասել է վարչապետը:

Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հիմնադրամը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Հիմնադրամը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ և չլինելով մրցակից առևտրային բանկերի համար ներդրողների համար կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա, նվազեցնելով ռիսկերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---