Գործադիրը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնման կոմերցիոն վարկերը

Գործադիրը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնման կոմերցիոն վարկերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ունի զարգացման ու համեմատաբար արագ աշխատատեղեր ստեղծելու մեծ պոտենցիալ: «Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին և սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կարապետյանը:

Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները և շարժվել առաջ:

Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԱՀ-ի վերադարձի ժամանակահատվածին, ընկերությունների կողմից ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, ոլորտի մասնագետների ուսուցմանը, վերապատրաստմանը և այլ հարցերի: Վարչապետը հանձնարարել է ներկայցված հարցերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկելուց հետո առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կա: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---