Սարգսյան-Դոդոն հանդիպում. Կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

Սարգսյան-Դոդոն հանդիպում. Կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Նախագահներ Դոդոնը և Սարգսյանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը` երկուստեք կարևորելով Հայաստանի ու Մոլդովայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը, որը, նախագահների համոզմամբ, բխում է երկու երկրի և բարեկամ ժողովուրդների շահերից:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` մինչ այժմ երկու երկրի միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրին ու պայմանագրին ավելացնելով նորերը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Մոլդովայի նախագահը ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---