14 ապրիլի 2017 - 12:03 AMT
Նյու Յորքում ներկայացվել է «Խաչքարեր» պատկերագիրքը

Նյու Յորքի «Զոհրապ» կենտրոնում կայացել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի պատկերագքրի շնորհանդեսը։ «Խաչքարեր» խորագրով ալբոմում պատկերված են Հայաստանի և Արցախի խաչքարերը:

Առաջին խաչքարերը Խաչերյանը լուսանկարել է 1992 թվականին Արցախում, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր, գրում է «Sputnik Արմենիան» Masis Post-ի վրա հղումով:

Պարբերականը գրում է, որ այս պատկերագիրքն իսկական գանձ է նրանց համար, ովքեր գնահատում են խաչքարերի գեղեցկությունը։

«Ազգանունս Խաչերյան է. խաչ, խաչքար, խաչելություն: Այս խաչքարերը մեկ օրում չեն ստեղծվել։ Վարպետները դրանք կերտել են որևէ իրադարձության կապակցությամբ, օրինակ` երբ երեխա է ծնվել, բերքն առատ է եղել կամ էլ նոր գյուղ է հիմնվել»,- շնորհանդեսի ժամանակ ասել է լուսանկարիչը։

Հրայր Բազե Խաչերյանը ծնվել է Լիբանանում: Լուսանկարչությամբ հետաքրքրվել է 11 տարեկանից: Հայտնի է «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (1997թ.), «40 մերկ մարմին» (2001թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002թ.), «Երկիր» (2005թ.), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010թ.) և «Հայկական զարդատառ» (2012թ.), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» (2013թ.) և այլ գրքերով: