14 ապրիլի 2017 - 11:09 AMT
Ուելդանով-Գալուստյանի գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով նախնական քննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Այն վարույթ է ընդունել դատավոր Սամիր Ալիևը:

Նախապատրաստական դատական նիստը կայանալու է ապրիլի 26-ին, հայտնում է Haqqin.az-ը:

Ինչպես հայտարարել է Ուելդանովի փաստաբան Գուբադ Սալաևը, նրա պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում իրեն ներկայացված մեղադրանքներից ոչ մեկով և պատրաստ է ապացուցել իր անմեղությունը դատարանում:

Ուելդանովը ձերբակալվել է 2016-ի հուլիսի 28-ին Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածով (խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, արտադրություն և տարածում):

Ավելի վաղ հաղորվել էր, որ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը:

Գալուստյանի ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։