14 ապրիլի 2017 - 13:03 AMT
Մարսելի հրապարակներից մեկը կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով, որը 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային:

Հրապարակի բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին: Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Armenian Weekly-ն:

Միջոցառման կազմակերպիչներն են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

1921-ին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչել նրան։