14 ապրիլի 2017 - 14:39 AMT
Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները կստանձնի 2017-ի մայիսի 2-ին: Այդ մասին Բիշքեկում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման օրակարգի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և որոշում կայացրել:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել այդ պաշտոնում մայիսի 2-ից նշանակել Յուրի Խաչատուրովին»,-ասել է Սեմերիկովը:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները քննարկել են նաև «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը և մի շարք լրացուցիչ հրահանգներ են տվել անվտանգության մարտահրավերներին հակազդելու մեր աշխատանքի վերաբերյալ»,-ասել է Սեմերիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Յուրի Խաչատուրովը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղան է, նախկինում զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: