15 ապրիլի 2017 - 10:38 AMT
Փաստաբան. Դավթաշենում ծառերի հատում չի եղել, խորը էտում էր

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և Դավթաշենում ապօրինի ծատահատման մեջ մեղադրվող «Դելֆին» լողավազանի տնօրեն Ալեքսան Սամսոնյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին տեղեկացրել է Սամսոնյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքով, իրենք պատրաստվում են բողոքարկել կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը, գրում է Aysor.am-ը:

Փաստաբանը հայտարարել է, որ հիմքից կտրված երեք ծառի հետ իր պաշտպանյալը կապ չունի և դրանց ձեռք չի տվել, իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք «խորը էտման են ենթարկվել»։

«Ծառերի հատում, ըստ էության, չի կատարվել։ Խոր էտումը շփոթել են հատման հետ: Իմ պաշտպանյալը տասը հազարից ավելի ծառ է տնկել, ո՞նց կարող է ինքը ծառ կտրի։ Նա ընդամենը խորը էտում է կատարել ու մի քանի օր հետո կարող եք տեսնել, թե ոնց են ծառերը մեծանում, աճում»,- ասել է փաստաբանը:

Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հատվել է 5 բարդի և 24 թեղի: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860.000 դրամի չափով: