Ախալքալաքի շրջանային ժողովի վրա ճնշել են՝ Ցեղասպանության մասին հայտարարություն չընդունելու նպատակով

Ախալքալաքի շրջանային ժողովի վրա ճնշել են՝  Ցեղասպանության մասին հայտարարություն  չընդունելու նպատակով

PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա:

Ախալքալաքի քաղաքային ժողովի պատգամավորներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ է արել «Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը»: Կազմակերպության անդամներից Նորիկ Կարապետյանը հայտնել է, որ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել:

Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման և որևէ հարց օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն:

«Շրջանային ժողովի նախագահը իր կազմով` տեղակալի հետ ճնշումներ գործադրեց պատգամավորների վրա, ինչի հետևանքով 13 պատգամավորից 3-ը` Պարգև Յուրդանյանը, Արմեն Բոլոթյանը և Գրիգոր Ծորմուտյանը հրաժարվեցին: Որոշ պատգամավորներ էլ ասում են` դա մեզ պետք չէ, ճիշտ ժամանակ չէ, սա ինչ-որ խաղ է և այլն», - ասել է Կարապետյանը, գրում է Վրաստանի հայալեզու «Ալիք» կայքը։

Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքով, ստորագրությունը չեղարկած պատգամավորները ծանոթ չեն եղել հայտարարության տեքստին: Ինքը` Մովսիսյանը չի ստորագրել հայտարարության տակ, քանի որ ինչպես նշում է. «երբ որ դիմումը ուղղված է շրջանային ժողովի նախագահին, նա չի ստորագրում»:

Ստորագրությունը չեղարկած պատգամավորներից մեկը` Գրիգոր Ծորմուտյանը մեկնաբանելով տեղի ունեցածն ասել է. «Ես որպես հայ, ստորագրել եմ, սակայն տեսնելով, որ գործընթացում շարունակություն չկա, ընդհանուր որոշում չկա, մտածելով նաև, որ այն առաջ չի գնա, ճիշտ համարեցի առայժմ հետ վերցնել ստորագրությունս` մինչև ընդհանուր ժողովի նոր եզրահանգում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---