«Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության» խաղաղասիրական ծրագիրը՝ Հայաստանում

«Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության»  խաղաղասիրական ծրագիրը՝ Հայաստանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-17-ը Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը Հայաստանում հյուրընկալել է երիտասարդական 45ոլորտի մասնագետների 12 երկրից՝ Կիպրոսից, Խորվաթիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Թուրքիայից։ Նրանք ժամանել են Երևան՝ մասնակցելու «Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության» ութօրյա միջազգային դասընթացին։

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ միջազգային ծրագրի անցկացումը Հայաստանում պայմանավորված է տարածաշրջանում հակամարտություններով, որոնք բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների զարգացման վրա։ Միջազգային դասընթացի կենտրոնում էին հակամարտությունների կանխարգելման, կարգավորման, խաղաղության հաստատման և կոնֆլիկտների կառավարման թեմաները, որոնք արդիական են ծրագրին մասնակցող երկրներում։ Ծրագրի արդյունքում մասնակիցները սովորել են ն մշակութային, ազգային և կրոնական բազմազանությունը դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ հնարավորություն։

Նշվում է, որ խաղաղություն կառուցելու ձգտումը տասնամյակներ շարունակ եղել է դասընթացին մասնակցող երկրների հասարակական, քաղաքական ու դիվանագիտական շրջանակների օրակարգում։ Այնուամենայնիվ, հակամարտություններից շատերը շարունակում են մնալ չլուծված՝ ներգործելով հակամարտող երկրներում ապրող երիտասարդների վրա։ Առավել հաճախ հենց երիտասարդներն են դառնում հակամարտությունների հիմնական զոհը։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Կենդանի գրադարան» հանրային միջոցառումը: Միջոցառման մասնակիցները շատ էին լսել մահմեդականների, բուդդիստների, տարբեր ազգությունների ու մարդկանց խմբերի մասին, բայց երբրևէ հնարավորություն չէին ունեցել իրականում հանդիպել և խոսել այդ մարդկանց հետ, հարցնել, թե ինչպես են նրանք ապրում, որոնք են նրանց ձգտումներն ու մտահոգությունները:

«Կենդանի գրադարան»-ը դա անելու հնարավորություն էր: Այն աշխատում էր նույն կերպ, ինչպես սովորական գրադարանը։ «Ընթերցողները» գալիս էին գրադարան, ընտրում «գիրքը» և կարդում այն։ Միակ տարբերությունն այն էր, որ «գրքերը» մարդիկ էին, իսկ ընթերցանությունը՝ զրույց նրանց հետ։

Միջազգային ծրագրի ընթացքում երիտասարդական ոլորտի 45 ներկայացուցիչը հնարավորություն են ստացել մասնակցելու մի շարք ինտերակտիվ դասընթացների, վարժությունների և ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բացահայտելով հակամարտությունների ծագման պատճառները, դրանց լուծման հնարավոր եղանակները և այն, թե ինչ դեր կարող են խաղալ երիտասարդները հակամարտությունների կարգավորման գործում։ Միջազգային կոնֆլիկտներից բացի քննարկվել են նաև միջանձնային կոնֆլիկտները և դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարությունները։

Միջազգային այս դասընթացը Երևանում կազմակերպվում է հայաստանյան Հայ առաջադեմ երիտասարդություն և գերմանական TeachSurfing կազմակերպությունների կողմից։ Այն եզակի է իր լայն աշխարհագրական ընդգրկումով և թեմայի արդիականությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---