26 հոկտեմբերի 2007 - 17:47 AMT
AAA. Հերքումը հանդիսանում է ցեղասպանության վերջին փուլը
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կոցմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հաստատումը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում. Իռլանդիայից մինչեւ Չինաստան, Հնդկաստանից մինչեւ Հարավային Ամերիկա եւ Եվրոպա, ինչպես եւ ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքում: Ամբողջ աշխարհում հանրային բանավեճեր են սկսկվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, այս կամ այն հարցի քննարկման մասին որոշման ընդունումը, ելնելով պահի նպատակահարմարությունից, վտանգավոր նախադեպ է: «Ճշմարտության համար միշտ էլ ժամանակ կա: Բանաձեւի հակառակորդները առաջին պլան են մղել Թուրքիայի հնչեցրած սպառնալիքները, այն, թե ինչ կարող է անել Անկարան, եթե բանաձեւն ընդունվի: Սակայն նրանք չեն նշում, որ Թուրքիան` «ԱՄՆ-ի դաշնակիցը», իրեն ոչ այնքան լավ պահեց, եւ որ իսկական դաշնակիցները միմյանց չեն սպառնում: Բացի այդ, միայն Թուրքիան է պատասխանատու բոլոր այն գործողությունների համար, որոնք նա նախաձեռնում է կամ` ոչ: Այս բանաձեւը հաստատում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին փաստերը` արձանագրված ամերիկյան փաստաթղթերում: ԱՄՆ-ի հազարավոր արխիվային փաստաթղթեր, այդ թվում դեսպան Հենրի Մորգենթաուի զեկույցը, հաստատում են Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան մերժում է, որ Օսմանյան Կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայերի դեմ եւ ամեն տեսակի պատվար օգտագործում, որպեսզի թաքցնի իրական դրությունը: ԱՄՆ-ն հանդիսանում են ազատ եւ ժողովրդավարական աշխարհի առաջնորդը, մարդու իրավունքների, ազատությունների եւ բարոյական չափանիշների պաշտպանը: Չճանաչելով սեփական պատմությունը, ԱՄՆ-ն ընդունում են թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունը: Ցեղասպանության հերքումը հանդիսանում է ցեղասպանության վերջին փուլը»,- ընդգծել է Վարդանյանը:

Նա նաեւ հավելել է, որ AAA-ն շարունակում է աշխատանքը կոնգրեսականների հետ, ովքեր աջակցում են 106-րդ բանաձեւին: «Ես ցանկանում են հիշեցնել, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը չի զիջել ճնշմանն ու շահարկումներին եւ ամուր է իր դիրքերում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկության հարցով»,- ասել է AAA-ի տարածաշրջանային տնօրենը:

Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակները` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Աննա Էշոն հոկտեմբերի 24-ին նամակ են ուղարկել Պալատի խոսնակ Նենսի Փեկոսիին` առաջարկելով հետաձգել բանաձեւի քվեարկությունները, վախենալով, որ այն հավանություն չի ստանա:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ Կալիֆորնիայի կոնգրեսականներ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: