#killzibil. Համահայկական շաբաթօրյակ է կազմակերպվում

#killzibil. Համահայկական շաբաթօրյակ է կազմակերպվում

PanARMENIAN.Net - Make Armenia clean again քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 29-ին կազմակերպում է համահայկական շաբաթօրյակ: Նախաձեռնողները հուսով են, որ հազարավոր մարդիկ կմիանան նախաձեռնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է համահայկական շաբաթօրյակի նախաձեռնողներից Հայկ Զալիբեկյանը:

«Մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել համահայկական շաբաթօրյակին: Դուք կարող եք ձեր բակ դուրս գալ և հենց այնտեղից սկսել: Կարող եք գալ այն 10 կետերից մեկը, որտեղ մենք կբաժանենք անհրաժեշտ պարագաները՝ տոպրակներ, ձեռնոցներ, բահեր և այլն: Նաև առաջարկում ենք բոլոր մասնակիցներին լուսանկարել բոլոր աղտոտված վայրերը մինչև շաբաթօրյակը և տեղադրել սոցցանցերի աքաունթներում՝ #killzibil և #MakeAremaniaClean հեշթեգերով»,-ասել է Զալիբեկյանը:

Նա ասել է նաև, որ ակցիայի մասնակիցները դեմ են պոլիէթիլենային փաթեթների օգտագործմանը, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը: «Թող թղթե տոպրակներ վաճառեն»,-ասել է նա:

Զալիբեկյանն ասել է, որ իրենք փորձում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա, իսկ «դա հնարավոր է միայն եթե շատ մարդիկ մասնակցեն ապրիլի 29-ի շաբաթօրյակին»:

Ըստ Զալիբեկյանի, նախաձեռնությանը բազմաթիվ գործընկերներ են միացել, ինչը չի կարող չուրախացնել:

Նախաձեռնության նպատակն է իրազեկել ՀՀ բնակիչներին աղբահանության, աղբի օգտահանության հետ կապված խնդիրների, քաղաքներում աղբի տարբերակված՝ օրգանական և ոչ օրգանական աղբահանության մասին:

«Մենք ուզում ենք, որ մաքրությունն ու մաքրության մեջ ապրելը Հայաստանում դառնա ապրելակերպ», -ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Նախաձեռնության անդամները կոչ են անում. հավաքել աղբը մարդկանց և կենդանիների հետևից, մաքրել զբոսախնջույքների հետևանքներն ու պահպանել մաքրությունը, օգտագործել աղբարկղներն ու դրանցից դուրս չնետել ծխախոտի մնացորդները և այլ աղբը, պահանջել պետական կառույցներից քաղաքների և գյուղերի ավելի բարձր սպասարկում այդ ոլորտում: Նախաձեռնությունը մտադիր է համագործակցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

«Մեր տունը չի սահմանափակվում միայն մեր շեմով, այն ինչ շեմից այն կողմ է՝ նույնպես մերն է։ Միասին մաքրենք մեր Երկիրը»,-ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---