26 հոկտեմբերի 2007 - 18:01 AMT
Էրդողան. Չնայած ԱՄՆ-ի խնդրանքին, Անկարան ոչ մի րոպե չի տատանվի եւ կներխուժի Իրաքի հյուսիս
«Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն սկսելու մասին որոշումը Անկարայի կողմից կկայացվի, առանց կողմնակի օգնության, իշխանություններն արդեն մերժել են ԱՄՆ-ի զսպվածության կոչը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է AFP-ն: Գտնվելով Ռումինիայում, Էրդողանը հայտարարել է, որ նրան դիմել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խնդրելով չհրամայել բանակին հատել իրաքյան սահմանը: Սակայն թուրք վարչապետը նշել է, որ Անկարան ոչ մի րոպե չի տատանվի եւ կներխուժի Իրաքի հյուսիս: Էրդողանի խոսքերով, նա նույնքան անհանգստացած է Քրդստանի Աշխատավորական կուսակցության գրոհայինների ներկայությամբ Իրաքի հյուսիսում, ինչպես ժամանակին ԱՄՆ-ն անհաստացած էին Իրաքում տիրող դրության հարցով, ինչը արդյունքում ռազմական գործողության պատճառ դարձավ: Վարչապետն ընդգծել է, որ «բանակը պատրաստ է առաջ շարժվել, հենց անհրաժեշտություն հայտնվի», հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ PPK-ի ակտիվիստների կողմից իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո, Թուրքիան իր զորքերը սկսել է կենտրոնացնել Իրաքի հետ սահմանին: Հոկտեմբերի 17-ին թուրքական խորհրդարանը հավանություն է տվել Հյուսիսային Իրաք լայնածավալ ներխուժման ծրագրին: Գործողությանը դեմ են հանդես գալիս Վաշինգթոնն ու Բաղդադը: Իրաքի իշխանությունները փորձում են Անկարային համոզել հրաժարվել ռազմական գործողություններից, առաջարկելով հանձնել քուրդ գրոհայինների առաջնորդներին: PPK-ին չի աջակցել նաեւ Իրաքի Քրդստանի պաշտոնական կառավարությունը: