Ադրբեջանի թուրքերի մեծ մասը դեմ է քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Ադրբեջանի թուրքերի մեծ մասը դեմ է քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում բնակվող թուրքերի մեծամասնությունը դեմ է քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների փաթեթին:

Քվեարկությունն անցկացվել է Բաքվում Թուրքիայի դեսպանատանն, ինչպես նաև՝ Նախիջևանի ու Գանձակի (Գյանջա) գլխավոր հյուպատոսարաններում հիմնված ընտրատեղամասերում: Հանրաքվեին մասնակցած ադրբեջանաբնակ թուրքերի 61.69 (1649 մարդ) տոկոսը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 38.31 (1024 մարդ) տոկոսը՝ կողմ, թուրքական Sözcü-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում հանրաքվեին մասնակցել է Թուրքիայի 2.673 քաղաքացի: Ընդ որում, դա կազմում է ընտրության իրավունք ունեցող ադրբեջանաբնակ թուրքերի թվի ընդամենը մեկ երրորդը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում այս պահին բնակվում է ընտրության իրավունք ունեցող 6.279 Թուրքիայի քաղաքացի:

Թերթը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում անցկացված հանրաքվեում սահմանադրական փոփոխությունների փաթեթը հաստատվել է ձայների ճնշող (86.6 տոկոս) մեծամասնությամբ: Այդ փոփոխությունների մեջ էր մտնում նաև «առաջին փոխնախագահ» և «փոխնախագահներ» պաշտոնների ներմուծումը, որոնց հետ կապված նշանակման և ազատման որոշումները կայացնում է երկրի նախագահը: Նախագահի բացակայության պայմաններում նրա բոլոր լիազորությունները անցնում են առաջին փոխնախագահին, ով օժտված է անձեռնամխելիությամբ:

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.41 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ 48.59 տոկոսը՝ դեմ: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ երկրի նախագահին չափազանց լայն լիազորություններ են տրվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---