«Վերածնունդ» IX մրցույթ-փառատոնը մեկնարկում է. Ավելի քան 3000 հայտ է ստացվել

«Վերածնունդ» IX մրցույթ-փառատոնը մեկնարկում է. Ավելի քան 3000 հայտ է ստացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ից մայիսի 30-ը, Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:

Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացմանը, հաստատել նոր ստեղծագործական կապեր տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև, այլազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ կերպով ներկայացնել իրենց վարպետությունը, գեղարվեստական կրթության ոլորտում իրականացնել գիտամանկավարժական փորձի փոխանակում:

2017 թվականին մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարող և համույթ 35 երկրից: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր և երգչախմբեր, պարարվեստ:

Յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ հաղթողներին կշնորհվի Մեծ մրցանակ: 63 ենթաանվանակարգում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV, V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ: Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչ՝ աշխարհի 14 երկրից:

Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամները և անվանի երաժիշտները Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմների» խորագիրը կրող բարեգործական համերգներով, ինչպես նաև կանցկացնեն վարպետության դասեր:

Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ` Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերից:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և տարբեր երկրներում: Նրանց համար կկազմակերպվի նաև ամառային ստեղծագործական ակադեմիա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---