27 հոկտեմբերի 2007 - 13:45 AMT
Նիկոլա Սարկոզին մտադիր է Բաքվին ներկայացնել Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստան Ֆրանսիայի նախագահի այցի` հայկական կողմի հրավերը, որը նախագահ Սարկոզին ընդունել է շնորհակալությամբ եւ պատրաստակամորեն: Երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու նպատակով, զրուցակիցները խոսել են նաեւ Փարիզում Հայաստանի մշակույթի տուն եւ Երեւանում Ֆրանսիայի մշակույթի տուն հիմնելու կարեւորության մասին: Նիկոլա Սարկոզին այս կապակցությամբ նշել է, թե որեւէ խնդիր չի տեսնում անմիջապես այդ հարցը լուծելու համար:

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը երկկողմ ցանկություն են հայտնել ակտիվացնելու նաեւ ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը: Խոսվել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորության մասին եւս: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու կարեւորությունը: Մշակութային եւ կրթական ոլորտներում կապերի սերտացման համատեքստում անդրադարձ է եղել, մասնավորապես, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու մասին: Այդ հարցում եւս Ֆրանսիայի նախագահը հավաստել է իր անվերապահ աջակցության պատրաստակամությունը: Նախագահ Սարկոզին, առհասարակ, գոհունակությամբ է խոսել այդ համալսարանի առկայության եւ գործունեության մասին: ՀՀ կառավարության ղեկավարն ու Ֆրանսիայի նախագահը անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի թեթեւացման հնարավոր տարբերակներին:

Հանդիպման ընթացքում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի մասին, երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Նախագահ Սարկոզին նշելով, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, հավելել է, թե այս հարցում, անշուշտ, իր դիրքորոշումը կարտահայտի նաեւ Ադրբեջանի նախագահին, որի այցը Ֆրանսիա սպասվում է առաջիկա նոյեմբերին: Հանդիպման ավարտին մեկ անգամ եւս ընդգծվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայիս հարաբերությունների առանձնաշնորհյալ մակարդակը եւ այն պահպանելու ու առավել զարգացնելու կարեւորությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: