19 ապրիլի 2017 - 10:57 AMT
Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11-րդն է «Կորչնոյ Օփենում»

Ցյուրիխում ավարտվել է «Կորչնոյ Օփեն» միջազգային մրցաշարը: ՀՀ-ն ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի հաղթողներից հետ է մնացել կես միավորով, կիսել է 6-12-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվել է 11-րդ տեղում:

5 շախմատիստ վաստակել է 5.5-ական միավոր և կիսել 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Էլթաջ Սաֆարլին, Ալեքսանդր Մոտիլյովը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Ալեքսանդր Ռախմանովը եզրափակել է լավագույն եռյակը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարին մասնակցում էին 16 երկրի 80 շախմատիստ, այդ թվում` 18 գրոսմայստեր, 9 միջազգային վարպետ, 8 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

2015-ին 15-ամյա Հայկ Մարտիրոսյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել: 2011-ին և 2012-ին Մ12 տարիքային խմբում Մարտիրոսյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: