29 հոկտեմբերի 2007 - 13:32 AMT
Մեթյու Բրայզա. Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի գրավոր համաձայնության մասին ես Բաքվում չեմ խոսել
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերափոխել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը: «Բաքու կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 26-ին ես հայտարարեցի, որ մենք չենք կարող բացառել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է ձեռք բերվել բանավոր ջենթլմենական համաձայնություն, սակայն որեւէ գրավոր համաձայնագրի մասին ես չեմ խոսել»,-հայտարարել է Բրայզան Երեւանում հոկտեմբերի 27-ին: Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել էր թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են շրջանակային համաձայնագիր կնքել ղարաբաղյան հարցի վերաբերյալ մինչեւ գալիք տարվա գարունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հոկտեմբերի 24-27-ին Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) այցելեցին Երեւան եւ Բաքու: Հոկտեմբերի 24-ին միջնորդները այցելեցին Հայաստան, որտեղ հանդիպեցին նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, Երեւանից մեկնեցին Բաքու, հոկտեմբերի 27-ին կրկին վերադարձան Երեւան, որտեղ հայկական կողմի ներկայացուցիչներին ներկայացրեցին Բաքվում անցած բանակցությունների արդյունքները: