Չնախատեսված վայրում աղբ թափելու համար վարչական տույժերը կխստացվեն

Չնախատեսված վայրում աղբ թափելու համար վարչական տույժերը կխստացվեն

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումն ապահովելու գործում: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, որով կառույցն արձագանքել է կառավարության հանձնարարականին:

ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:

Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարել է մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց ապրիլի 20-ից։

Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:

Ոստիկանությունը տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում է առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:

Կառավարության ապրիլի 20-ի նիստում, անդրադառնալով աղբահանության վիճակին, վարչապետ Կարեն Կարապետյանը ասել էր, որ վիճակն ուղղակի ողբերգական է:«Պետք է նախատեսված վարչական տույժերը խստացնել, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսել, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնել»,- ասել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքներին, ասել է, որ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---