30 հոկտեմբերի 2007 - 13:22 AMT
Բաքվում կանխվել են մի շարք խոշոր ահաբեկչություններ արտասահմանյան դեսապանտներին մերձակա տարածքներում
Ադրբեջանի մայրաքաղաքում կանխվել են մի շարք խոշոր ահաբեկչություններ արտասահմանյան դեսապանտներին եւ պետական հաստատություններին մերձակա տարածքներում: Ինչպես հաղորդել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում, հատուկ գործողության արդյունքում հաջողվել է ձերբակալել չորս գրոհայինների, եւս մեկը ոչնչացվել է: Խմբի մյուս անդամներին այժմ փնտրում են: Նրանց գլխավոր նպատակը ԱՄՆ դեսպանատունն էր: Մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում վախենում են, որ ահաբեկչական սպառնալիքը դեռ կա: Այսպես, բրիտանական դեսպանատունը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը, իսկ ամերիկյանում փակվել է հյուպատոսական բաժինը, հաղորդում է Ռուսաստանի առաջին հեռուստաալիքը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄաքՔորմակը մեկնաբանել է Ադրբեջանում այդ երկրի դեսպանատանը ստեղծված իրադրությունը: Շոն ՄաքՔորմակը հայտարարել է, որ «հյուպատոսական բաժինն այժմ չի աշխատում, վիզաների տրամադրումը եւս դադարեցվել է: Ես գտնում եմ, որ այսօր աշխատանքի սահմանափակված ռեժիմը պահպանվում է, նման իրավիճակում դրանք լրիվ արդարացված միջոցներ են: Մենք համագործակցում ենք Ադրբեջանի կառավարության հետ եւ ես գտնում եմ, որ առաջիկայում կկարողանանք վերականգնել դեսապանատան սովորական աշխատանքը»: Նա նաեւ նշել է, որ ահաբեկչությունը ծրագրվում էր ԱՄՆ դեսպանատան ներսում կամ մերձակա տարածքում առանձին անձանց դեմ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում նշել են, որ այսօր դեսպանատան աշխատանքը չի վերսկսվի: