30 հոկտեմբերի 2007 - 14:59 AMT
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են ամուր մնալ
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները ամուր եւ հզոր հիմքեր ունեն, որը տասնամյակների պատմություն ունի: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մամլո-քարտուղար Շոն ՄաքՔորմակը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ԱՄՆ-ն փորձում են գտնել Թուրքիայի եւ Իրաքի միջեւ ծագած լարվածության լուծումը: «Վերջին մի քանի շաբաթներին մենք բանակցություններ ենք վարել` ջանքեր ներդնելով Իրաքի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդրի դիվանագիտական կարգավորման համար: Իրաքը պայքարում է ահաբեկչական խմբերի դեմ իր տարածքում»,- ասել է մամլո քարտուղարը: ՄաքՔորմակի խոսքերով, առաջին քայլը իրավիճակի կարգավորման համար երաշխավոր լինելն է, որ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից Թուրքիայի վրա հարձակումներ չեն լինի: «Նաեւ անհրաժեշտ է առավել լայն, երկարաժամկետ եւ հուսալի համաձայնագիր, որով PPK-ն դադարի գոյություն ունենալ»,- ընդգծել է Շոն ՄաքՔորմակը: Նրա խոսքերով, այս շաբաթվա վերջում ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մեկնելու է Անկարա եւ այցի գլխավոր նպատակն է լինելու Թուրքիայի եւ Իրաքի միջեւ ծագած իրադրության համատեղ դիվանագիտական կարգավորումը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը: