ՄԻՊ. Սարի թաղում հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր

ՄԻՊ. Սարի թաղում հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, սակայն, ոստիկանությունը սկզբունքորեն ունի դրա իրավունքը, սակայն ոչ անհամաչափ եղանակով։ Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքին, ապա Թաթոյանի խոսքով, ի սկզբանե Սարի թաղը նախատեսված չէր հավաք անցկացնելու համար։

«Սարի թաղն ասոցացվում էր բռնության հետ, օրեր առաջ բախումներ էին տեղի ունեցել արդեն Սարի թաղում։ Ես եղել եմ Սարի թաղում ու տեսել եմ, թե ինչպես են քաղաքացիական ու ոստիկանական մեքենաները երթևեկում լույսերն անջատած, քանի որ ՊՊԾ գնդից կրակոցներ էին արձակվում», - ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

ՀՀ ՄԻՊ-ը շեշտել է՝ խնդրահարույց էր Սարի թաղ գնալը։

«Երթ անցկացնելու հետևանքն էլ այն եղավ, որ հատուկ միջոցների կոպիտ գործադրմամբ մարդիկ սկսեցին պատսպարվել բնակիչների տանը, իսկ ոստիկաններն էլ մտան նրանց տուն, որի իրավունքը չունեին: Այն եղանակը, որը գործադրվեց, անթույլատրելի էր, որովհետև ոստիկանությունը որևէ զգուշացում չարեց մարդկանց՝ հատուկ միջոցների կիրառման մասին», - ասել է Թաթոյանը։

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---